Connect with us

Լուրեր

Սուրեն Պապիկյանը ելույթ է ունեցել ԱԷՄ գործակալության Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը  մասնակցում է  Վիեննայում սեպտեմբերի 21-ից 25-ն անցկացվող  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանի աշխատանքներին:

Նախարար Պապիկյանը  համաժողովի շրջանակում սեպտեմբերի 21-ին հանդես է եկել ելույթով: Իր ելույթում նախարարը բարձր է գնահատել  ԱԷՄԳ օգնությունը՝ գործակալության գործունեության հիմնական ոլորտներին աջակցելու և  COVID-19 համավարակի դեմ պայքարում երկրներին օժանդակություն ցուցաբերելու գործում:

«Այս առումով կցանկանայի ընդգծել անդամ երկրներին ցուցաբերվող օժանդակությունը՝ ատոմային էլեկտրակայանների շարունակական և անվտանգ շահագործումն ապահովելու համար: Երախտապարտ ենք նաև գլխավոր տնօրենին և ԱԷՄԳ քարտուղարությանը` ավելի քան 120 երկրներին, այդ թվում նաև Հայաստանին տրամադրված ախտորոշիչ սարքերի և նյութերի տեսքով տեխնիկական օժանդակության համար, որն ուժեղացրեց համաճարակի դեմ պայքարի կարողությունները այդ երկրներում»,-նշել է Սուրեն Պապիկյանը:

Նախարարն  իր մտահոգություն է հայտնել Հայկական ԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցված սպառնալիքի վերաբերյալ, նշելով, որ Հայաստանը դիտարկում է այն որպես իրական սպառնալիք, ներկաների ուշադրությունը հրավիրելով այն փաստին, որ  առաջին անգամ ատոմակայանի անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքը գալիս է ոչ թե ահաբեկչական կազմակերպության, այլ պետության անունից` վերջինիս պաշտոնական ներկայացուցչի միջոցով: «Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ զինված բախումների ժամանակ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական ներկայացուցչի կողմից բարձրացված Մեծամորի ատոմակայանին հարված հասցնելու սպառնալիքը ոչ այլ ինչ է, քան մարդկության դեմ ուղղված հանցագործություն և պետք է համապատասխան արձագանք ստանա միջազգային հանրության կողմից:Հայաստանը կշարունակի գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապագայում նման սպառնալիքները կանխելու ուղղությամբ»,-ելույթում ասել է նախարարը։

Սուրեն Պապիկյանն  անդրադարձ է կատարել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման հարցին` շեշտելով, որ միջուկային էներգիան առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի էներգետիկայի զարգացման ծրագրում։ «Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու որոշումը կայացվել է մանրազնին վերլուծությունից հետո: Միևնույն ժամանակ, մենք խնդիր ենք դրել ապահովել ՀԱԷԿ-ի հետագա գործունեության անվտանգության բարձր մակարդակ և հուսալիություն: Ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու համար Հայաստանը ակտիվորեն օգտագործում է ԱԷՄԳ խորհրդատվական և գնահատման առաքելությունների հնարավորությունները»,-հավաստիացրել է Սուրեն Պապիկյանը:

Ավարտելով ելույթը, նախարարն ընդգծել է, որ Հայաստանը խորապես գնահատում է գործակալության գործունեությունը և վերջինիս աջակցությունը Հայաստանին:


Նյութի աղբյուր

Continue Reading

Լուրեր

To Top
error: Content is protected !!