Connect with us

Լրահոս

Ապրիլյան պատերազմի հերոս Աշոտ Շահբազյանի ծննդյան օրն է — Պանորամա

Այսօր Ապրիլյան պատերազմի անմահ հերոս, ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 27 տարեկան։ Աշոտը զոհվեց Ջրականում (Ջաբրայիլ) ծավալված մարտական գործողությունների ժամանակ։

Աշոտը ծնվել է Շիրակի մարզի Ախուրյան գյուղում, սովորել տեղի դպրոցում, ապա ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որն ավարտելուց հետո ծառայության է անցել Ջաբրաիլում: 

hayzinvor.am-ը գրում է. «Կամովի է ընտրել  ծառայությունը Արցախում. Ջեբրայիլում նշանակվել է վաշտի հրաձգային դասակի հրամանատար: Այժմ այդ վաշտը կոչվում է քառօրյա պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի անվամբ:

«-Աշո՛տ ջան, ինչո՞ւ առանց վիճակահանության,- հարցնում է մայրը:

-Գիտեմ՝ ուր և ինչի համար եմ գնում,- պատասխանում է Աշոտը,- զինվորականի տեղը դիրքերում է, չմտածե՛ս, մա՛մ ջան, ինձ գնդակ չի դիպչի։

Չնայած տարիքային չնչին տարբերությանը, նա մեծ եղբոր սիրով ու հոգածությամբ էր վերաբերվում իր ծառայակիցներին: Զինվորները սիրում էին նրան և մեջքին դաջված արծվի պատճառով անվանում էին Արծիվ Աշոտ…»։

Լեյտենանտը զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ին: Մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանվել և հետ է շպրտել հակառակորդին: Ծավալված թեժ մարտերի ընթացքում լեյտենանտ Աշոտ Շահբազյանը վիրավորվել է, սակայն չի լքել դիրքը, շարունակել է մարտն ու արիաբար զոհվել: Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալով և ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

hayzinvor.am-ը գրել է. «Թշնամին օղակել էր բարձունքը և կրակի տարափ էր տեղում շրջափակման մեջ հայտնված դիրքի վրա: Զոհվելուց րոպեներ առաջ Աշոտը ռադիոկապով նահանջի հրաման ստացավ:

-Աշո՛տ, հետ իջեք, լսո՞ւմ ես, Աշո՛տ:

-Չէ՛, կամբատ, չեմ կարող: Վիրավորներ ու զոհեր կան: Չեմ կարող թողնել ու իջնել: Ես էլ ի վիճակի չեմ նրանց իջեցնելու:

-Աշո՛տ, հասկացի՛ր, պատերազմ է, ով ողջ է՝ նրանց հետ իջե՛ք:

-Չեմ կարող իջնել, կամբա՛տ…

Մի քանի վայրկյանից ռադիոկապն ընդհատվում է:  Հակառակորդը լցվում է դիրքեր: Թիկունքից ևս վիրավորված՝ Աշոտը վերջին հնարավորությունն է օգտագործում: Նա պայթեցնում է նռնակը՝ լռեցնելով հակառակորդի  մոտեցող մի քանի  զինվորականի…»․։

Լեյտենանտի զինվորներից Արման Ավետիսյանը Panorama.am-ի հետ զրույցում պատմել էր, որ մարտական գործողությունների ժամանակ դասակի վիրավոր հրամատարին՝ լեյտենանտ Շահբազյանին փորձել է փրկել, սակայն այդ ժամանակ նռնակը պայթել է և կորցրել է  ձախ ոտնաթաթը:

«Նա մահացավ: Սկզբում անհետ կորածների ցուցակում էր, հետո իմացանք, որ զոհվել է: Սիմոնյան Ազատը, Սարգսյան Նորիկը՝ Երանոս գյուղից, Գևորգյան Արթուրը, Գրիշան, Ադամը մեր վաշտից էր, Կարենը Ներսիսյանը… Բոլորն էլ թագավոր տղաներ են, բոլորին էլ ճանաչում էի, շփում եղել էր, բոլորն էլ իրենց կյանքը պատրաստ էին հայրենիքի համար տալու: Ու տվեցին: Ես իրենց հարգում եմ, շատ սիրում եմ»,- ասել է Արմանը:

 


Նյութի աղբյուր

Continue Reading

Լրահոս

To Top
error: Content is protected !!